National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.04.2021
Քննարկվեց 2022թ. առողջապահության ոլորտի բյուջեի հայտը
1 / 7

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 30-ի նիստում ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված առողջապահության ոլորտի բյուջետային ծրագրերի վերաբերյալ» թեմայով քննարկմանը ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց 2022-ի բյուջեում նախատեսված փոփոխությունները, իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները:

Ըստ զեկուցողի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի շրջանակում փոփոխության են ենթարկվել մի շարք ծրագրերում նախատեսված բյուջետային հատկացումները:

Արյան հավաքագրման ծառայությունների համար 2022-ին նախատեսվում է հատկացնել 400 մլն դրամ: Պատերազմական գործողություններից հետո հանրապետության ողջ տարածքում իրականացվել է արյան ծառայությունների մատուցման քարտեզագրում, եւ այսօր առկա է ծառայության համապարփակ նկարագիրը: Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ՝ իրականացվելու են վերանորոգումներ, կառուցումներ եւ վերազինումներ: Սփյուռքի դոնոր ներկայացուցիչները եւս ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել: Առաջկայում կբացվեն արյան նոր հավաքագրման կետեր հանրապետության ողջ տարածքում: Կենտրոնական կայանը եւս ամբողջովին կվերանորոգվի ու կվերազինվի:

Իմունականխարգելման ազգային ծրագրում կատարված լրացման համաձայն՝ COVID-19-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում նախատեսվում է եւս մեկ պատվաստանյութի ձեռքբերում:

Ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների համար նախատեսված 28 մլրդ դրամն ուղղվելու է առաջնային օղակի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունքի շրջանակի ընդլայնմանը:

Փոփոխվել է դատաբժշկական փորձաքննություններին ուղղված ֆինանսական միջոցների տրամադրման հարաբերակցությունը: 2022-ի բյուջեով նախատեսվել է շուրջ 550 մլն դրամ, որը պայմանավորված է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի վերազինմամբ եւ ծառայությունների ավելացմամբ: Վերջին կես տարիներին, ըստ զելուցողի, կենտրոնն աշխատել է գերլարված ռեժիմով: Ներկայումս մի քանի մարզային դատաբժշկական փորձաքննության կենտրոններում ընթանում են վերանորոգման եւ վերազինման աշխատանքներ:

Գումարների ավելացում է նախատեսվել մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի եւ դեղագործական արտադրանքի ստացման համար՝ դրանց մաքսազերծման, բաշխման ծառայությունների առումով, ինչը պայմանավորված է ինչպես ծավալային, այնպես էլ մաքսազերծման հետ կապված որոշակի ծախսերի ավելացմամբ:

Բժիշկ մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններին բժշկական ծառայությունների մատուցումը կրկնակի ավելացել է: Ընդգծելով որպես կարեւոր ուղղություն՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս ծառայությունների շարունակականությունն ապահովելու համար նախատեսվել է 100 մլն դրամ:

Շտապ օգնության ծառայությունների համար 2022-ին նախատեսվել է շուրջ  5.5 մլրդ դրամ ծառայությունների առավել հասանելիություն, ժամանակային առումով ծառայությունների ավելի արագ կազմակերպում ապահովելու նպատակով:

Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններում բյուջեով եւս նախատեսվում են ավելացումներ՝ շուրջ 3 մլրդ 967 մլն դրամով: Նախատեսվում է նաեւ աորտայի անեւրիզմայի վիրահատական միջամտությունների ներառումը անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների ցանկում:

Հոգեկան առողջության եւ նարկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդների բժշկական օգնության ծառայությունների համար նախատեսվել է 3 մլրդ 400 մլն դրամ: «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում եւ Հոգեկան առողջության ազգային կենտրոններում  վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Անահիտ Ավանեսյանը կարեւոր ձեռքբերում համարեց կենտրոններն ամբողջապես վերանորոգելու, վերակառուցելու եւ վերազինելու փաստը:

Զինծառայողներին, փրկարար ծառայողներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայությունների համար նախատեսվում է տրամադրել 4 մլրդ 500 հազար դրամ:

Անդրադառնալով անպտղության դեմ պայքարում նախատեսված ծրագրային փոփոխություններին ու արդյունքներին՝ Ավանեսյանը նշեց, որ 2020-ին երկար տարիների ընթացքում առաջին անգամ ունեցել ենք 211-ով ավելի ծնունդ:

ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց  նաեւ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին գյուղական ամբուլատորիաների դեղերի ցանկի փոփոխությանն ու դեղերի դեֆիցիտին, էլեկտորնային դեղատոմսերի համակարգի ներդրմանը, քաղաքացիների՝ պատվաստանյութերի ընտրության հնարավորությանը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am